Բերդ համայնքում նորընտիր ավագանու առաջին նիստը նախատեսվում է անցկացնել նոյեմբերի 10–ին, երբ ավարտվի համայնքի ղեկավարի եւ ավագանու լիազորությունների ժամկետը, իսկ ավագանու լիազորություններն ավարտվում են  նոյեմբերի 5–ին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը։

Նշենք, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն, նորընտիր ավագանու առաջին նիստը գումարվում է ոչ ուշ, քան ավագանու լիազորություններն ստանձնելու պահից քսան օրվա ընթացքում։

«Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.2.-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե համայնքի ավագանու ընտրության արդյունքով ընտրությանը մասնակցող կուսակցություններից (կուսակցությունների դաշինքից) մեկն ստանում է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձն օրենքի ուժով համարվում է ընտրված համայնքի ղեկավար:

Սա նշանակում է, որ «Զորավոր համայնք» դաշինքի ցուցակը գլխավորող Հարություն Մանուչարյանը օրենքի ուժով համարվում է ընտրված համայնքի ղեկավար: Հիշեցնենք՝ նա Բերդ համայնքի գործող համայնքապետն է եւ շուրջ 11 ամիս է՝ անազատության մեջ է։ 

Նշենք, որ Բերդ համայնքի ՏԻՄ ընտրություններում ձայները բաշխվել են հետեւյալ կերպ՝ «Զորավոր համայնք» դաշինքը ստացել է 5683 ձայն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 4297 ձայն, իսկ «Արժանապատիվ սերունդ» դաշինք էլ՝ 1095 ձայն։

Բերդ խոշորացված համայնքում մանդատների ընդհանուր թիվը 21–ն է. «Զորավոր համայնքը» ունի 11, ՔՊ–ն՝ 8, «Արժանապատիվ սերունդն» էլ՝ 2 մանդատ։ 

Իշխանությունները Բերդ համայնքում կարծես՝ չեն հաշտվում «Զորավոր համայնք» դաշինքի հաղթանակի հետ։ Ընտրություններից մեկ օր առաջ՝ սեպտեմբերի 24–ին, Քննչական կոմիտեն հաղորդեց, որ ձերբակալվել են Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի եւ նույն համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարը, որոնք մեղադրվում են ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու մեջ։

Սեպտեմբերի 29–ին ձերբակալվեց, իսկ մեկ օր անց էլ կալանավորվեց նաեւ Բերդ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Հովսեփյանը։ Երեքն էլ «Զորավոր համայնք» դաշինքի ավագանու անդամների թեկնածուներ են։

Սամվել Հովսեփյանը, հիշեցնենք, անժամկետ հացադուլ է հայտարարել։ NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ հոկտեմբերի 3–ին,  նրա պաշտպան Գոռ Սաղոյանն ասաց, որ Հովսեփյանը շարունակում է հացադուլը, նրա առողջական վիճակը նորմալ է։