Հոկտեմբերի 5-7-ը Երեւանում տեղի կունենա EXPO-RUSSIA ARMENIA-2022 9-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը եւ Երեւանի 7-րդ բիզնես ֆորումը: Այս մասին հոկտեմբերի 3-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Զառուբեժ-Էքսպո» ընկերության նախագծերի ղեկավար Սվետլանա Զաբելինան։

Նրա խոսքով՝ սա Ռուսաստանի, Անդրկովկասի եւ Իրանի միջեւ տնտեսական կապերի զարգացմանն ու ամրապնդմանը միտված կարեւորագույն իրադարձություններից մեկն է, որին աջակցում են արտաքին գործերի նախարարությունը, արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունը, տնտեսական զարգացման նախարարությունը,  Էներգետիկայի նախարարությունը, կրթության եւ գիտության նախարարությունը, Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությունը, Հայաստանի կառավարության, խորհրդարանական եւ գործարար շրջանակները, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Մոսկվայի առեւտրաարդյունաբերական պալատները։

Նա նշեց, որ ցուցահանդեսը կներառի ինչպես ընկերությունների, այնպես էլ Ռուսաստանի եւ Հայաստանի մարզերի կոլեկտիվ տաղավարներ։ «Թեմատիկ բաժիններն են՝ էներգետիկա, նավթ եւ գազ եւ հանքարդյունաբերություն, ճարտարագիտություն, մետալուրգիա, շինարարություն, տրանսպորտ, ագրոարդյունաբերական համալիր, բանկային գործ եւ ապահովագրություն, բժշկություն եւ դեղագործություն, գիտություն եւ կրթություն, ծառայություններ, զբոսաշրջություն, սպառողական ապրանքներ։ Ցուցահանդեսն անցկացվում է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ տնտեսական, գիտական, տեխնիկական, մշակութային եւ քաղաքական համագործակցության զարգացման, համատեղ գործարար, առեւտրային, տնտեսական եւ ներդրումային հարաբերությունների զարգացման նպատակով»,-հավելեց Զաբելինան։

Իր հերթին, Հայաստանում Ռուսաստանի առեւտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն պարզաբանեց, որ ցուցահանդեսը կհյուրընկալի ավելի քան 30 ընկերությունների։ «Նման ցուցահանդեսները հարթակ են նոր գործընկերներ գտնելու համար»,-ընդգծեց նա։

Իսկ «Զառուբեժ-Էքսպո»-ի միջազգային համագործակցության զարգացման գծով տնօրեն Անատոլի Նիկոլաեւն ասաց, որ բիզնես ֆորումի շրջանակում նախատեսվում են կլոր սեղաններ էներգետիկայի, բժշկության եւ դեղագործության, գյուղատնտեսության եւ սննդի արդյունաբերության, տրանսպորտի, գիտության եւ կրթության վերաբերյալ, կազմակերպվել են գործարար հանդիպումներ։