Շվեդիայի Լինչեփինգի համալսարանի հոգեբանների նոր ուսումնասիրությունը ապացույցներ է ներկայացնում այն մասին, որ քաղաքական գաղափարախոսությունը կարող է խանգարել տրամաբանական դատողություններին: Արդյունքները հրապարակվել են Thinking & Reasoning գիտական ամսագրում։

Գիտնականների կարծիքով, քաղաքական դրդապատճառներով դատողությունները խանգարում են մարդկանց օգտագործել սիլոգիզմներ՝ դատողություններ, որոնցում որոշակի միտքը բխում է մի շարք նախադրյալներից:

Հետազոտությանը մասնակցել է 1005 շվեդ, որոնց ցույց են տվել մի շարք սիլոգիզմներ եւ խնդրել են նշել, թե արդյոք փաստարկը տրամաբանորեն հիմնավոր է: Սիլոգիզմները պարունակել են ինչպես ոչ քաղաքական, այնպես էլ քաղաքական փաստարկներ։

Պարզվել է, որ մարդիկ չեն կարող ճիշտ գնահատել քաղաքական սիլոգիզմները։ Օրինակ, ձախ հայացքների տեր մասնակիցները ավելի վատ են հաղթահարել սիլոգիզմները, որտեղ ճիշտ պատասխանը չի համապատասխանել ձախ գաղափարախոսությանը, եւ հակառակը:

Գիտնականների կարծիքով՝ իրենց աշխատանքի արդյունքները համաձայնեցվում են նախորդ հետազոտությունների հետ, որոնց համաձայն մարդիկ ավելի պատրաստակամությամբ են ընդունում իրենց քաղաքական համոզմունքներին համահունչ տրամաբանական եզրակացությունները։