Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրում անհրաժեշտ է «մոբիլիզացնել բոլորին»՝ կարտոֆիլ, ճակնդեղ, եգիպտացորեն եւ հացահատիկ հավաքելու համար, հայտնում է ԲԵԼՏԱ-ն։

«Խոսակցություններն այն մասին, որ ինչ-որ տեղ պատժամիջոցներ են, ինչ-որ մոբիլիզացիա, պատերազմ, էլի ինչ-որ բան՝ չեն ընդունվում։ Մոռացեք այդ մասին։ Դուք պետք է տեսնեք ձեր տարածքը, ձեր ժողովրդին: Պետք է ժամանակին ցանել, ձմռանը դիմավորել, բարձրացնել գութանը եւ նախապատրաստվել գարնանացանին»,- ասել է Լուկաշենկոն՝ ելույթ ունենալով շրջանային գործադիր կոմիտեների ղեկավարների նշանակման կապակցությամբ։

Նախագահն ընդգծել է, որ անհրաժեշտության դեպքում բերքահավաքին պետք է նաեւ ուսանողներին ներգրավել, չնայած այն հանգամանքին, որ հանրապետության որոշ ուսումնական հաստատություններում արգելված է դպրոցականներին ներգրավել նման տեսակի աշխատանքներում։

Լուկաշենկոն ընդգծել է, որ օրական հինգ-վեց ժամ աշխատանքը երեխայի համար «լավ ֆիզիկական պատրաստվածություն» կլինի, եւ ծնողները ուրախ կլինեն դրա համար: Նրա խոսքով, նախորդ տարիների փորձը, երբ դեռահասներն օգնում էին գյուղատնտեսական ձեռնարկություններին բերքահավաքի ժամանակ, դրական էր, նպաստում էր թիմերի համախմբմանը եւ սովորեցնում աշխատել։