Իրանում տեղի ունեցած անկարգությունների հեղինակներն ԱՄՆ-ն եւ Իսրայելն են։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյյեդ Ալի Խամենեին, հաղորդում է Press TV-ը։

«Ես հստակ ասում եմ, որ այդ իրադարձությունները ծրագրել են Ամերիկան, սիոնիստական ​​ռեժիմը եւ նրանց կամակատարները։ Նրանց հիմնական խնդիրը ուժեղ եւ անկախ Իրանն է եւ երկրի առաջընթացը»,-ասել է նա։

Բողոքի ցույցեր են անցկացվել 22-ամյա իրանցի Մահսա Ամինիի մահվան կապակցությամբ, որը սեպտեմբերի 16-ին հայտնվել էր ոստիկանական բաժանմունքում, որից հետո հիվանդանոցում մահացել։ Բողոքի ցույցերը շուտով վերածվել են անկարգությունների ամբողջ երկրում։

«Եթե երիտասարդ աղջկա մահը չլիներ, նրանք այլ պատրվակ կգտնեին անկայունություն եւ անկարգություններ հրահրելու համար»,-հավելել է Խամենեին։

Նա նշել է, որ անկարգություններ են սկսվել ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Եվրոպայում։ Մասնավորապես, Ֆրանսիայում եւ Փարիզում ժամանակ առ ժամանակ անկարգություններ են տեղի ունենում։ 

Խամենեին ընդգծել է, որ Ամինիի մահվան կապակցությամբ ամերիկացիների հայտնած ափսոսանքը կեղծավորություն էր։  «Նրանք երջանիկ են, քանի որ  անկարգություն առաջացնելու պատրվակ են գտել»,-հավելել է նա։