Հիմա խաղողագործների մեջ կան շատերը, որ ունեն շատ փոքր այգիներ եւ փորձում են իրենց ընտանիքի բարեկեցությունն ապահովել փոքր այգու միջոցով. Դա հնարավոր չի: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում, ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Պատկերացրեք՝ մեկը խանութ բացի, որը 1 քմ տարածք ունենա, հետո գա, ասի՝ իմ խանութը լավ չի աշխատում կառավարություն ջան, որովհետեւ այն  գնով, որով առնում են իմ այս խանութում, չի բավարարում, որ ես լավ ապրեմ: Սրա լուծումն ավելի մեծ խանութ ունենալն է, ոչ թե այնպես անել, որ մենք օգնենք, որ գնորդներն այդ ապրանքները ավելի թանկ առնեն:

Մենք հիմա տեսնում ենք, որ խաղաղ մթերող կազմակերպությունները իրենք իրենց այգիներն են հիմնում՝ 100-500 հա, եւ արդեն իրենց խաղողը մթերում են իրենք իրենցից: Այս պարգայում ակնհայտ է, որ խաղողագործությունը եւս պետք է խոշորանա: Եթե արդյունքը փոքր է ստացվում, ապա կամ պետք է գնան ուրիշ աշխատանք անեն, կամ մեծացնեն իրենց հողատարածքը:

Մենք տարվա սկզբին օգնում ենք, որ պարարտանյութը էժան ձեռք բերի, տարվա վերջում օգնում ենք, որ մթերողները մթերեն, տալիս ենք բանկային երաշխիքներ: Մենք չենք կարող այնպես անել, որ փոքր հողակտորի վրա մարդը ստանա փոքր արդյունք, իսկ մենք փոխհատուցենք տարբերությունը»,-ասաց նա:

Քերոբյանը նկատեց, որ այսօր տարբեր ոլորտներում կան տասնյակ հազարավոր թափուր աշխատատեղեր, այդ թվում գյուղերում. «Կոնյակ արտադրող գործարաններում կան թափուր աշխատատեղեր, այսինքն եթե պատի մյուս կողմն անցնեն, կարող են նորմալ աշխատավարձով աշխատանք գտնել»:

Քերոբյանի խոսքով, իրենց կատարած աշխատանքի արդյունքում խաղողագործների 80%-ը իրենց հարցերը լուծել է մինչև հուլիսի 1-ը, բոլորը պայմանագրերը կնքել են։

«Խնդրի մյուս մասը հետաձգվել է, որովհետև որոշ ընկերություններ կարիք չունեն պետական աջակցման ծրագրի, և իրենք իրենց սեփական ծրագրերով են գնում առաջ, այդտեղ երկու խոշոր ընկերություններն են՝ Երևանի կոնյակի գործարանը և «Նոյ» կոնյակի գործարանը։ Այս երկու ընկերությունները երբեք չեն օգտվում մեր ծրագրերից և առաջնորդվում են իրենց սեփական քաղաքականությամբ։ Մյուսները մեծ մասամբ լուծել են իրենց խնդիրները։ Այսօր մենք վստահություն ունենք, որ ծավալի հետ կապված խնդիրներ չեն առաջանա, այսինքն խաղողը գետնին չի մնա։ Մենք կարծում ենք, որ գնային առումով ամեն ինչ արել ենք»,- նշեց Քերոբյանը

Վերջինս հավելեց նաև, որ հաջորդ տարվա համար կառավարությունը ունի ավելի լայն գործիքակազմ առկա խնդիրները լուծելու համար։