Թե մարդու իրավունքների պաշտպանը, թե կառավարության միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչները հայ գերիներին գնդակահարելու տեսանյութերի հետ կապված գործիքակազմեր են կիրառում եւ դիմելու են թե՛ ՄԻԵԴ, թե՛ միջազգային դատարան։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարարի լիազորությունները կատարող Գրիգոր Մինասյանը:

«Ես վստահեցնում եմ, որ իշխանությունն ամեն օր, ամեն ժամ ամեն ինչ անում է, որպեսզի իրավական առումով եւ գնահատականները տրվեն, եւ հնարավորինս մեր միջազգային գործընկերների հետ աշխատելով բերենք այնպիսի հանգուցալուծման, որ նման բաները բացառվեն: Ամեն գնով հասնելու ենք նրան, որ բացի դատապարտող հայտարարություններից նաեւ ռեալ գործիքակազմեր կիրառվեն եւ մեղավորները միջազգային հանրությունում ֆիքսվեն որպես մեղավոր եւ դատապարտվի այդ արարքը»,-ասաց նա:

Հարցին, թե այս պայմաններում կարծում է, որ պետք է շարունակե՞լ խաղաղության օրակարգի շուրջ բանակցությունները, Մինասյանը պատասխանեց. «Այս տեսանյութը եւ վերջին մի քանի տարիներին, մի քանի ամիսներին տեղի ունեցած իրադարձությունները ցույց են տալիս, որ խաղաղությունը պետք է մեր ժողովրդին: Այդ տեսանյութն ապացուցում է, որ դեռեւս անելիքները շատ են այս ուղղությամբ, բայց ասել, որ եթե պատերազմ է լինում, կրակոց է լինում, պետք է խաղաղության բանակցություններից դուրս գալ, ես դա ճիշտ չեմ համարում: Հակառակը, սա ապացուցում է, որ մեզ օր առաջ պետք է խաղաղություն մեր երկրում»: