Շվեյցարիայում աֆրիկյան ծագում ունեցող մարդկանց նկատմամբ ռասիզմի հետ կապված լուրջ համակարգային խնդիր կա, ասվում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին ներկայացված աշխատանքային խմբի զեկույցում։

Զեկույցում նշվում են Շվեյցարիայի կողմից ձեռնարկված դրական միջոցները, սակայն մտահոգություն է արտահայտվում ռասայական խտրականության տարածվածության վերաբերյալ։

«Այս օրինազանցության ամենուր տարածվածությունն ու անպատժելիությունը վկայում է համակարգային լուրջ խնդրի առկայության մասին»,- ասվում է զեկույցում։

ՄԱԿ-ում Շվեյցարիայի դեսպանն ընդհանուր առմամբ համաձայնել է եզրակացությունների հետ, թեեւ նա կասկածի տակ է դրել փորձագետների կողմից սահմանափակ թվով օրինակների օգտագործումը՝ ավելի լայն եզրակացություններ ստանալու համար:

Զեկույցում ասվում է, որ դեպի ծով ելք չունեցող Շվեյցարիան երբեք գաղութատիրական տերություն չի եղել, սակայն նրա բանկերը, առեւտրականները եւ քաղաքապետարանները մեծ ներդրումներ են կատարել եւ օգուտ քաղել անդրատլանտյան եռակողմ առեւտրից:

Նշվում են Շվեյցարիայի պատմության ասպեկտների մասին հասարակության իրազեկվածության բարձրացմանն ուղղված ջանքերը, ինչպիսիք են բանկիրի արձանը հանելու միջնորդությունը եւ բանավեճը, ում կարողությունը կախված է եղել Նեյշատել կանտոնում ստրկացված աֆրիկացիների շահագործումից:

Փորձագետները նշում են, որ մանկական խաղահրապարակներում շվեյցարական խաղերը, ինչպիսին է «Ո՞վ է վախենում սեւ մարդուց», ունեն ռասայական խտրական ազդեցություն:

Զեկույցում նշվում է նաեւ ոստիկանության «ցնցող» դաժանությունը, որի հետեւանքով Վո կանտոնում մի քանի սեւամորթ տղամարդ է մահացել: