Փորձելով հաղթահարել Ուկրաինային մեծ հեռահարության հրթիռային հզոր համակարգեր տրամադրելու հարցում Ջո Բայդենի վարչակազմի դիմադրությունը՝ Կիեւն այժմ ԱՄՆ-ին առաջարկում է ամբողջական եւ մշտական տեղեկատվություն՝ ռուսական ենթադրյալ թիրախների իր ցանկի վերաբերյալ: Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով մի քանի պաշտոնյաների։

Սա, ըստ էության, ԱՄՆ-ին վետոյի իրավունք կտա Ռուսաստանի վրա ուկրաինական հարձակումների նկատմամբ եւ փորձ է համոզել վարչակազմին, որ ծայրահեղ կարեւոր զենքի տրամադրումը չի հանգեցնի Ռուսաստանի տարածքին հարվածների, որոնք, ինչպես վախենում է ԱՄՆ-ը, կսաստկացնեն պատերազմը եւ իրեն ուղղակիորեն կներքաշեն հակամարտության մեջ:

Խոսքը բանակի մարտավարական հրթիռային համակարգերի (ATACMS) մասին է, «երկիր-երկիր» հրթիռներ, որոնց հեռահարությունը 300 կիլոմետր է, ինչը մոտ չորս անգամ գերազանցում է այն հրթիռների թռիչքի տարածությունը, որոնք օգտագործվում են HIMARS շարժական համակարգերի կողմից, որոնք ԱՄՆ-ն ամիսներ առաջ սկսել է ուղարկել Ուկրաինա:

Չնայած Ուկրաինայի առաջարկին, Բայդենի վարչակազմը դեռեւս չի հաստատել ATACMS-ի մատակարարումը եւ պնդում է, որ Ուկրաինան լավ է աշխատում HIMARS համակարգերի հետ, որոնք այժմ ունի: Անցյալ շաբաթ վարչակազմը հայտարարել էր Ուկրաինա եւս 18 HIMARS-ի մատակարարման մասին, որոնց հետեւանքով ամերիկյան համակարգերի ընդհանուր թիվը գերազանցել է 30-ը:

Վարչակազմը նաեւ մտավախություն ունի, որ ATACMS-ի տրամադրումը Մոսկվայի համար կհատի կարմիր գիծը, ինչի հետեւանքով ԱՄՆ-ը «հակամարտության անմիջական կողմ» կդառնա։