Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն ադրբեջանական հարձակման հետեւանքով զոհվել է կապիտան Տարոն Սիմոնյանը։

39-ամյա կապիտանը մասնակցել էր նաեւ 44-օրյա պատերազմին, եղել էր Քարվաճառում։

Տարոնը դասավանդել էր «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիրում։ Ծառայում էր Ճամբարակում, իսկ մարտական հերթապահությունն անցկացնում էր Վերին Շորժայում, վաշտի հրամանատար էր։

«Տարոնը շատ մեծ սիրտ ուներ, բարի ու կամեցող մարդ էր։ Լավ հրամանատար էր, իրեն զինվորները շատ էին սիրում։ Ինքը մարտի դաշտում մինչեւ վերջ եղել է իր զինվորների հետ։ Շատ խելացի մարտ է վարել։ Ես իր հետ խոսել եմ գործողությունների ընթացքում, ասաց՝ ԱԹՍ-ից վիրավորվել եմ, բայց մինչեւ վերջ կռվելու եմ, դիրքը պահելու եմ։ Դրանից հետո իր հետ չի հաջողվել կապվել»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Տարոն Սիմոնյանի մարտական ընկերը՝ Պատվական Մաթեւոսյանը։

Տարոն Սիմոնյանը զոհվել է Վերին Շորժայում։ Նա եղել է սեպտեմբերի 20-ին Հայաստանին փոխանցված 95 զոհված զինծառայողների թվում։

Տարոն Սիմոնյանն ամուսնացած էր, ուներ երկու անչափահաս դուստր։ Հուղարկավորվել է հոկտեմբերի 1-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։