Չեմ կարդացել «Հայկական ժամանակ»-ի հրապարակումը, հետևաբար հետևություններ դեռևս չեմ արել այն հրապարակման կապակցությամբ, որին չեմ ծանոթացել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Հարցին, թե Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանի կարմիր գծերը որոնք են, ինչ էթ պատրաստ փոխզիջել Հայաստանը, ինչը՝ ոչ, նա պատասխանեց. «Հայաստանի ինքնիշխանությունը ամենաառաջին կարմիր գիծն է, որից այն կողմ կարմիր գիծ չկա: Մնացածն արդեն դիվանագետներին հարցրեք»:

Ճշտող հարցին՝ իսկ Արցա՞խը, նա արձագանքեց. «Արցախի ժողովրդի անվտանգությունը, այո, կարմիր գիծ է և դա մեզ համար մեր ժողովրդի անվտանգությունն է, որը պետք է առաջնային դերում լինի»:

Հիշեցնենք, որ նախօրեին «Հայկական ժամանակ» թերթը վկայակոչելով հավաստի աղբյուրը, գրել էր, որ Ադրբեջանը Հայաստանից ունի 5 հիմնական պահանջ:

Դրանք հետևյալն են.

1. ԼՂ պաշտպանության բանակի լուծարում

2. ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որևէ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով:

3. Միջանցք Հայաստանի տարածքով

4. Սահմանագծման և սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականի քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քարտեզների մասին է խոսքը)

5. Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով:

Ինչո՞ւ է Փաշինյանը Ադրբեջանի պահանջների մասին խուսափում պաշտոնապես հայտնել՝ գերադասելով արտահոսքն ընտանեկան ԶԼՄ-ով