Դրանք ինձ համար անընդունելի պահանջներ են: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պտգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով «Հայկական ժամանակ» թերթի հրապարակմանը, որտեղ վկայակոչելով հավաստի աղբյուրը, ներկայացվում է Ադրբեջանի կողմից առաջ քաշված 5 պայմանները:

Հարցին, թե արդյոք վարչապետի հետ քննարկումների ժամանակ այս պահանջների վերաբերյալ քննարկում եղել է, Աղազարյանը պատասխանեց. «Այս կամ այն հատվածներով, իհարկե, միշտ էլ քննարկումներ լինում են, բայց որպես այդպիսին հավաքական փաստաթուղթ, ես դրան ծանոթ չեմ, եթե իհարկե, դա փաստաթուղթ է: Այդպիսի փաստաթուղթը անձամբ ինձ համար անընդունելի է ամենաքիչը: Հետեւաբար, կարծում եմ՝ Արցախի ժողովուրդը եւս պետք է մերժի նման մոտեցումը: Արցախի զրո կարգավիճակը, Արցախի զինված ուժերի լուծարումը ինձ համար անընդունելի են: Բայց այդ հարցերով պետք է զբաղվի Արցախի ժողովրդի կողմից ընտրված օրինական իշխանությունը, եւ մենք, որպես պետականություն, որպես հայ ժողովրդի մեծ հատված, պարտավոր ենք ամեն ինչ անել սատարելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը»:

Անդրադառնալով դիտարկմանը, թե դուք չէի՞ք ասում Արցախը Հայաստան է և վերջ, Աղազարյանը պատասխանեց,- «Ես նման բան չեմ ասել»

Աղազարյանը հիշեցրեց, որ վաղը վարչապետը գալու է խորհրդարան եւ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ կարող են այդ հարցը տալ իրեն. «Դիմեք ձեր, մեր ընդդիմադիր գործընկերներին, ձեր հարազատներին, թող գան, այդ հարցերը տան»:

Հիշեցնենք, որ նախօրեին «Հայկական ժամանակ» թերթը վկայակոչելով հավաստի աղբյուրը, գրել էր, որ Ադրբեջանը Հայաստանից ունի 5 հիմնական պահանջ:

Դրանք հետևյալն են.

1. ԼՂ պաշտպանության բանակի լուծարում

2. ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որևէ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով:

3. Միջանցք Հայաստանի տարածքով

4. Սահմանագծման և սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականի քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քարտեզների մասին է խոսքը)

5. Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով:

Ինչո՞ւ է Փաշինյանը Ադրբեջանի պահանջների մասին խուսափում պաշտոնապես հայտնել՝ գերադասելով արտահոսքն ընտանեկան ԶԼՄ-ով