Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը քննարկելու ենթակա չեն: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

ԱԺ նախագահը չի կարդացել Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ի հոդվածը, որտեղ ներկայացված են Ադրբեջանի 5 պահանջները, բայց վստահեցրեց. «Մենք որևիցե պահանջ չենք ընդունել, որևիցե փաստաթուղթ  չկա, անընդհատ հղում կատարելով տարբեր լրատվամիջոցներին, չի կարելի նույն հարցը տալ: Չկա որևիցե նախապայման»:

Հարցին, թե ինչու իշխանությունը չի բացահայտում թե որոնք են Հայաստանի առաջարկները բանակցություններում, ԱԺ նախագահը պատասխանեց. «Որովհետեւ այդ առաջարկները չեն քննարկվել ու չեն որոշվել:  Դրանք կան, չեն բացահայտվո՞ւմ: Դրանք հիմա բացահայտման ենթակա չեն»:

Հիշեցնենք, որ նախօրեին «Հայկական ժամանակ» թերթը վկայակոչելով հավաստի աղբյուրը, գրել էր, որ Ադրբեջանը Հայաստանից ունի 5 հիմնական պահանջ:

Դրանք հետևյալն են.

1. ԼՂ պաշտպանության բանակի լուծարում

2. ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որևէ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով:

3. Միջանցք Հայաստանի տարածքով

4. Սահմանագծման և սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականի քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քարտեզների մասին է խոսքը)

5. Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով: