Այո, խաղաղության օրակարգն ակտուալ է, պետք է խաղաղություն լինի, որպեսզի նման տեսանյութեր այլեւս չլինեն: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ադրբեջանցիների կողմից հայ զինծառայողների գնդակահարության տեսանյութին:

«Ինչու չեք նշում, որ վարչապետը նշեց, որ մեր պաշտպանական բյուջեն աննախադեպ աճ ունի, որ շարունակում ենք բանակը զինել: Խաղաղության օրակարգը նշանակում է, որ բանակ պետք է չլինի՞:

Եթե ինչ-որ մեկը հիմա կարող է առաջարկել ռեալ տարբերակ այն բոլոր նկրտումներին, կենացներին, որոնք սիրում ենք հաճախ ասել, որ հեսա մտնելու ենք գրավենք, կներեք, այդ խոսակցություններին լուրջ չեմ վերաբերվում: Մենք  ժամանակակից աշխարհում չենք կարող զբաղվել հարեւանների նկատմամբ ռազմատենչ  հայտարարություններով եւ տարածքային պահանջներով:

Մենք պատերազմ չենք անելու, մենք պատրաստվելու ենք Հայաստանը պաշտպանելու: Դուք տեսնում եք, որ մենք զբաղվում ենք այդ հարցերի լուծմամբ, բայց դա չի կարող լինել Թուրքիայի, Ադրբեջանի կամ Ադրբեջանի վրա հարձակվելը, որովհետեւ մենք դրա հնարավորությունը չունենքմեր փոքր լինելու բերումով, պատերազմի վերջին իրադարձություններից ելնելով»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ առաջին Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ Հայաստանն արդեն կապիտուլացված է եւ պետք է հիմա խաղաղության պայմանագիր կնքել մեզ համար առավել քիչ ցավոտ տարբերակով, Ալեն ՍԻմոնյանն ասաց. «Ես չեմ հասկանում, թե ինչ կապիտուլյացիայի մասին է խոսքը եւ ինչու է նա այդ բառը դնում շրջանառության մեջ: Ինչու 1990-ականներին, երբ ինքը հաղթանակած նախագահ էր, այդ  կապիտուլյացիան չստորագրեց եւ չբերեց անկախություն Արցախի համար: մենք Ադրբեջանի հետ պաշտոնական պատերազմի մե՞ջ ենք: մենք խոսում ենք խաղաղության պայմանագրի մասին: Այս պահին շատ երկրներ կան, որոնք չունեն դեմարկացված սահմաններ, չունեն խաղաղության պայմանագիր»: