Ռուսաստանից միգրանտները դասական իմաստով զբոսաշրջիկներ են համարվում եւ  դրական ազդեցություն են ունենում տնտեսության վրա, բայց եթե իրավիճակին ավելի խոր նայենք, ապա կպարզվի, որ այս երեւույթը դրական ազդեցություն չի ունենում հայկական տուրիզմի կայուն զարգացման վրա։ Այս մասին հոկտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է  Հայաստանի տուրիզմի ֆեդերացիայի ղեկավար Մեխակ Ապրեսյանը։

Դա, նրա խոսքով, կապված է այն բանի հետ, որ ավիատոմսերի գների աճի ֆոնին զբոսաշրջային նպատակներով Հայաստան այցելել պլանավորող քաղաքացիները չեղարկել են ճամփորդությունները։ «Մարդիկ նախատեսում էին այցելել Հայաստանի մարզեր եւ հավասարաչափ փող ծախսել ամբողջ երկրում, այլ ոչ թե միայն Երեւանում։ Այդ կոնտինգենտը 5 000 դոլար չի տա ավիատոմսին»,- ասել է նա։

Փորձագետը նախազգուշացրել է, որ երկարաժամկետ պարզ տուրիզմը Ջերմուկում եւ տուրիստական այլ ուղղություններում թշնամու ագրեսիայի պատճառով կարող է հանգեցնել աշխատատեղերի փակման եւ ոլորտի անկման։ Ապրեսյանը վստահություն է հայտնել, որ շատ դժվար կլինի վերականգնել կադրային պոտենցիալը՝ նշելով այդ վայրերում տուրիզմին աջակցելու ծրագրերի անհրաժեշտության մասին։ «Հանրային տրամադրությունների պատճառով Հայաստանում հետաձգվել է Արենիի արդեն հայտնի դարձած գինու միջազգային փառատոնը, որը պետք է տեղի ունենար հոկտեմբերի 1-ին։ Իրավիճակից կախված՝ փառատոնը, ինչպես նաեւ զբոսաշրջային այլ միջոցառումներ կարող են անցկացվել հոկտեմբերի վերջին»,- ընդգծել է նա։

Տուրիզմի համար ամենագլխավոր մարտահրավերը փորձագետը նշել է երկրի համար ոլորտի նշանակալիության անբավարար գիտակցումը՝ հաշվի առնելով այն, որ տուրիզմի ներկայացուցիչները հաճախ տհաճությամբ են դիմում պետության աջակցությանը։

Նա նշել է, որ չի կարելի թույլ տալ, որ ոլորտը փլուզվի։ Այս ոլորտը կարող է իր հետեւից տանել տնտեսությունը՝ նշելով բավականաչափ միջոցների հատկացման կարեւորությունը Հայաստանի մարքեթինգի համար համաշխարհային տուրիստական շուկայում։ «Օրինակ, ամբողջ 2019թ. Հայաստան է այցելել մոտ 1,9 մլն զբոսաշրջիկ, այսինքն՝ տուրիզմն ապահովել է առնվազն 1 մլրդ դոլարի եկամուտներ։ Հարկային մուտքերն այդ ժամանակ կազմել էին 300 մլն դոլար։ Այդ գումարի ընդամենը 1 տոկոսի հատկացումը Հայաստանի մարքեթինգի բարձրացման նպատակին էական ազդեցություն կգործեր տուրիզմի զարգացման վրա»,- ավելացրել է Մեխակ Ապրեսյանը։

Էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ առաջին 8 ամիսներին Հայաստան է այցելել մոտ 1 մլն զբոսաշրջիկ։ Փորձագետի գնահատմամբ՝ միտումն այնպիսին է, որ տարեվերջին մոտենանք մինչկորոնավիրուսային ցուցանիշներին։ «Այս տարվա առաջին 6 ամիսներին Հայաստան է եկել 588 հազար զբոսաշրջիկ, այսինքն՝ 2,4 անգամ ավելի, քան անցած տարվա նույն ժամանակամիջոցում։ Բայց դա ավելի քիչ է, քան 2019թ. նույն ժամանակամիջոցում (ավելի քան 770 հազար մարդ)»,- ամփոփել է նա։