Առաջարկվում է եւս կես տարով երկարաձգել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքի ժամկետները։ Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական ​​հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Պատգամավորը, մասնավորապես, ասաց, որ հանձնաժողովը ներկայումս ուսումնասիրում է փաստաթղթերի փաթեթը, որը ստացվել է այս տարվա հունիսի վերջին ՊՆ-ից։ Այն ներառում է օպերատիվ մակարդակի տեքստային եւ գրաֆիկական շուրջ 3500 նմուշ փաստաթղթեր, ընդհանուր տասը հազարից ավելի էջի ծավալով, որը դեռ վերջանական չէ»,-ասաց Քոչարյանը։

Պատգամավորը հավելեց նաեւ, որ հանձնաժողովը փաստաթղթերի ուսումնասիրության ընթացքում երբեմն պաշտպանության նախարարությունից լրացուցիչ տվյալներ ու տեղեկատվություն է պահանջում։ «Հանձնաժողովն արդեն կազմել է հրավիրյալների ցանկը, երկու անձի նամակ ուղարկել ենք։ Տեղյակ եք, որ Վարդան Օսկանյանը հեռավար ձեւով իր դժգոհությունն է արտահայտել, որը որեւէ ձեւ չի արտացոլում հանձնաժողովի աշխատանքների չմասնակցության անհրաժեշտությունը։ Նա պետք է գա, եւ բոլորը պետք է գան»,-եզրափակեց Անդրանիկ Քոչարյանը։