Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է՝ Ռուսաստանը Հայաստանի առաջ Միութենական պետության մաս դառնալու պահանջ չի դրել:

«Նման որևիցե խոսակցության ես իմ ռուս գործընկերների հետ ականատես չեմ եղել, նման խոսակցություն չկա ու չի էլ կարող լինել»,- այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Դիտարկմանը՝ գուցե կա նման խոսակցություն՝ ինքը չգիտի, ԱԺ նախագահն արձագանքեց. «Բացառում եմ, որ նման բան լինի ու ես չիմանամ»:

Լրագրողներն ԱԺ նախագահից հետաքրքրվեցին՝ այսինքն, ՀԺ-ի աղբյուրը հավաստի չի՞ համարում, ասաց. «Չէ, չեմ համարում»:

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ փոխկապակցված «Հայկական ժամանակ» օրաթերթի Armtimes.com կայքն էր այսօր գրել, թե «Ռուսաստանը Հայաստանից համարյա ուզում է այն, ինչ ուզում է Ուկրաինայից, որ այն դառնա «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության կամ Ռուսաստանի մաս»։