Ուկրաինացի պաշտոնյաներին, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Զելենսկուն, դուր չի եկել Ուկրաինայում խաղաղության հնարավորության վերաբերյալ աշխարհի ամենահարուստ մարդու՝ Իլոն Մասկի տեսլականը։ Ավելի վաղ Մասկը Twitter-ում հարցում էր նախաձեռնել՝ առաջարկելով Ուկրաինայում խաղաղության իր «պլանը»։

«Հավանաբար, այդպես էլ տեղի կունենա վերջում. միակ հարցն այն է, թե քանի մարդ կմահանա մինչ այդ»,- գրել էր Մասկը՝ հավելելով, որ մյուս հնարավոր հետեւանքը միջուկային պատերազմը կարող է լինել:

«Ռուսաստանը մասնակի մոբիլիզացիա է իրականացնում։ Նա կգնա ամբողջական ռազմական մոբիլիզացիայի, եթե Ղրիմը վտանգի տակ լինի։ Երկու կողմերի զոհերը ավերիչ կլինեն»,- մի քանի ժամ անց գրել է Մասկը: «Ռուսաստանի բնակչությունը երեք անգամ գերազանցում է Ուկրաինայի բնակչությունը, ուստի տոտալ պատերազմում Ուկրաինայի հաղթանակը քիչ հավանական է: Եթե դուք մտածում եք Ուկրաինայի ժողովրդի մասին, խաղաղություն փնտրեք»։

Այս ենթադրություններից ուկրաինացի պաշտոնյաները հիստերիայի մեջ են ընկել։ Զելենսկին Twitter-ում նախաձեռնել է իր սեփական հարցումը՝ «Ո՞ր @elonmusk-ն է ձեզ ավելի շատ դուր գալիս», առաջարկելով երկու տարբերակ՝ «նա, ով աջակցում է Ուկրաինային» եւ «նա, ով աջակցում է Ռուսաստանին»:

Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկը ոչ դիվանագիտորեն Մասկին գրողի ծոցն է ուղարկել. «Գնա դու... սա իմ դիվանագիտական պատասխանն է քեզ @elonmusk»։ Մելնիկը եղել է Գերմանիայում Ուկրաինայի դեսպանը, սակայն այս պաշտոնը լքել է սեպտեմբերին մի շարք սկանդալներից հետո։

Զելենսկու խորհրդականներից Միխայիլ Պոդոլյակը, Մասկին առաջարկել է պատերազմի ելքի ուկրաինական տարբերակը, ըստ որի՝ Ուկրաինան «ազատագրում է իր տարածքները, այդ թվում՝ Ղրիմը»։

Ադամ Քինզինգերը (հանրապետական Իլինոյս նահանգից) Մասկի ծրագիրն անվանել է «գրեթե ամենավատ գաղափարը, որը ես կարդացել եմ»: «Խաղաղության միակ ճանապարհը Ռուսաստանին վռնդելն է Ուկրաինայից․․․ որտեղ նա տեղ չունի»,- գրել է Քինզինգերը։