Եվրամիության երկրներն իրավունք ունեն ազգային մակարդակով միջոցներ ձեռնարկել՝ իրենց տնտեսությունն ամրապնդելու համար, սակայն ավելի շատ համերաշխություն է անհրաժեշտ «հատվածականությունից» խուսափելու համար, ասել է տնտեսական հարցերով եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնին, հայտնում է Reuters-ը։

«Մենք չենք մեղադրում երկրներին, մենք չենք քննարկում այն փաստը, որ առանձին երկրներ եւ անդամ պետություններ աջակցում են իրենց տնտեսություններին»,- ասել է նա Լյուքսեմբուրգում ԵՄ ֆինանսների նախարարների հանդիպմանը: «Բայց եթե մենք ուզում ենք խուսափել հատվածականությունից, եթե ցանկանում ենք դիմակայել այս ճգնաժամին, կարծում եմ, որ մեզ անհրաժեշտ է համերաշխության ավելի բարձր մակարդակ եւ մենք պետք է ներդնենք (...) ընդհանուր գործիքներ»,- հավելել է Ջենտիլոնին:

Գերմանիան վերջին օրերին քննադատության է ենթարկվել ԵՄ որոշ երկրների եւ հաստատությունների կողմից այն բանի համար, որ միակողմանիորեն հայտարարել է 200 միլիարդ եվրոյի աջակցության փաթեթի մասին իր ընկերությունների եւ տնային տնտեսությունների համար, որոնք պայքարում են էներգակիրների գնի հսկայական աճի դեմ: