Թուրքիան մտադիր է մինչեւ 2023 թվականի վերջը երկարաձգել լիրայով խնայողությունները արժեզրկումից պաշտպանելու իր ծրագիրը, քանի որ փորձում է խուսափել արժույթի անկայունությունից հաջորդ տարվա հունիսին նախատեսված ընտրություններից առաջ, գրում է Bloomberg-ը։

Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության փոխնախագահ Մուստաֆա Էլիտասն ասել է, որ առաջարկը նախ կփոխանցվի հիմնական դաշնակիցներին, նախքան խորհրդարան ուղարկվելը: Էրդողանի վերընտրվելու հայտին խանգարում է աճող ինֆլյացիան, որն անցած ամիս գերազանցել է 83 տոկոսը:

Դեկտեմբերի 20-ին նախագահը ներկայացրել է լիրայի աննախադեպ անկումը զսպելու եւ ներդրողներին արժույթի տատանումներից պաշտպանելու աննախադեպ պլանը: Միջոցառումներից մեկը երաշխավորում է, որ լիրայի ավանդների եկամտաբերությունը ցածր չի լինի բանկային տոկոսադրույքներից՝ արտարժույթի սփոթ պահանջարկին վերջ դնելու համար:

Ծրագիրն ընդունվել է որպես այս տարվա սկզբին լիրայի կայունացման միջոց, բայց հանգեցրել է բյուջեի ծախսերի աճի եւ դարձել ավելի քիչ տարածված, քանի որ կենտրոնական բանկը շարունակում է իր տոկոսադրույքների ագրեսիվ կրճատումը:

Այս տարի տեղական արժույթը դոլարի նկատմամբ կորցրել է իր արժեքի ավելի քան 28 տոկոսը։ Կենտրոնական բանկի ծայրահեղ թուլ դրամավարկային քաղաքականության պատճառով այն զարգացող շուկայի ամենավատ արժույթն է արգենտինական պեսոյից հետո, վկայում է Bloomberg-ը:

Ֆինանսների նախարարության տվյալներով, մարտ ամսից ի վեր խնայողության մեխանիզմը կառավարության համար արժեցել է 76 միլիարդ լիրա (4,1 միլիարդ դոլար): Արտարժույթից պաշտպանված ավանդների ընդհանուր ծավալը սեպտեմբերի 23-ի դրությամբ կազմել է 1,37 տրլն լիրա։

Ընդդիմության առաջնորդ եւ նախագահի հավանական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն բացահայտ քննադատել է ծրագիրը՝ խոստանալով ընտրվելու դեպքում չեղարկել այն եւ փոխարենը վճարել միայն ավանդների տոկոսները։

Քաղաքական գործիչները համոզում են թուրքերին իրենց խնայողությունները պահել լիրայով, այլ ոչ թե արտարժույթով: Կենտրոնական բանկի ղեկավար Սահապ Քավջիօղլուն անցյալ ամիս ասել էր, որ դոլարացումը գնային կայունությանը խանգարող «խոչընդոտներից» մեկն է։