Սպիտակ տունը պատրաստվում է հրապարակել կանոնները, որոնք էլ ավելի կսահմանափակեն առաջադեմ համակարգչային տեխնոլոգիաների հասանելիությունը Չինաստանի համար: The New York Times-ի փոխանցմամբ՝ նոր միջոցները, որոնց մասին կարող են հայտարարվել այս շաբաթ, ուղղված են Պեկինի՝ առաջադեմ զենքեր եւ հսկողության համակարգեր արտադրելու կարողության նվազեցմանը։

Նոր կանոնները հիմնված կլինեն սահմանափակումների վրա, որոնք թույլ չեն տալիս ընկերություններին ԱՄՆ-ի մշակած տեխնոլոգիաները վաճառել սմարթֆոններ արտադրող Huawei-ին։ Ակնկալվում է, որ նախագահ Ջո Բայդենը նման սահմանափակումներ կկիրառի չինական ընկերությունների, պետական ​​հետազոտական ​​լաբորատորիաների եւ այլ կազմակերպությունների նկատմամբ: Այնուհետեւ ամբողջ աշխարհի ընկերություններին կարգելվի ԱՄՆ-ի արտադրության ցանկացած տեխնոլոգիա վաճառել  թիրախային կազմակերպություններին:

Անցյալ ամիս Reuters-ը հայտնել էր, որ Սպիտակ տունը կարող է փորձել սահմանափակել ամերիկյան արտադրության առաջադեմ գործիքների վաճառքը Չինաստանի կիսահաղորդչային արդյունաբերությանը: Դա նաեւ կարող է սահմանափակել ԱՄՆ միկրոչիպերի արտահանումը չինական առաջադեմ գերհամակարգիչների եւ տվյալների կենտրոնների համար: Այդ միջոցները կարող են հարվածել ոչ միայն կառավարությանը, այլեւ ակադեմիական հաստատություններին եւ ինտերնետային ընկերություններին, ինչպիսիք են Alibaba-ն եւ Tencent-ը:

ԱՄՆ-ի նոր սահմանափակումները, եթե դրանք ընդունվեն, կդառնան սուպերհամակարգիչների եւ տվյալների մշակման կենտրոնների կառուցման գործում Չինաստանին կանգնեցնելու ամենամեծ փորձը։