ԱՄՆ-ը «երբեք չի ճանաչի Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածքի բռնակցումը»։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում հայտարարել է նախագահ Ջո Բայդենը։

Սպիտակ տունը հաղորդում է, որ Բայդենը խոստացել է շարունակել աջակցությունը Ուկրաինային «այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի», ներառյալ 625 միլիոն դոլար արժողությամբ անվտանգության աջակցության այսօրվա նոր փաթեթը, որը ներառում է լրացուցիչ զենքեր, այդ թվում՝ HIMARS, հրետանային համակարգեր եւ զինամթերք, զրահամեքենաներ, մեքենաներ։ Բայդենը նաեւ կրկնել է Միացյալ Նահանգների պատրաստակամությունը՝ լուրջ ծախսեր պարտադրելու ցանկացած անհատի, կազմակերպության կամ երկրի, որը «աջակցում է Ռուսաստանի բռնակցմանը»։

Նա ողջունել է համաձայնագրի հաջողությունը, որը թույլ է տվել ուկրաինական հացահատիկի անվտանգ արտահանումը համաշխարհային շուկաներ, եւ նշել է դրա շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությունը։