Ֆրանսիան պարտքերի տակ կքած էներգետիկ EDF ընկերության ամբողջական ազգայնացման գործընթաց է սկսել՝ փորձելով ավելի մեծ վերահսկողություն ապահովել իր էներգակիրների մատակարարումների վրա, հաղորդում է Reuters-ը:

Կառավարությունը շուկայի կարգավորող մարմնին առաջարկ է ուղարկել գնել ընկերության բոլոր բաժնետոմսերը, որոնք իրեն դեռ չեն պատկանում՝ հատը 12 եվրոյով՝ պահպանելով արդեն ամռանը հայտարարված գինը:

Ընկերությունը նախատեսում է առաջարկը շուկա դուրս բերել նոյեմբերի 10-ին, ասվում է հաղորդագրության մեջ։ Եթե բոլոր բաժնետոմսերն ու փոխարկելի պարտատոմսերը, որոնք պատկանում են փոքրամասնական ներդրողներին, հանվեն վաճառքի, ապա պետությունը 9,6 մլրդ եվրո կվճարի։

«Կլիմայական արտակարգ իրավիճակը եւ աշխարհաքաղաքական իրավիճակը պահանջում են վճռական որոշումներ՝ Ֆրանսիայի անկախությունն ու էներգետիկ ինքնիշխանությունը ապահովելու համար»,- ասվում է կառավարության հայտարարության մեջ, որում մանրամասն ներկայացված են առաջարկի պայմանները:

EDF-ին ամբողջությամբ պետական վերահսկողության տակ դնելը թույլ կտա նրան «զբաղվել երկարաժամկետ ծրագրերով, որոնք երբեմն անհամատեղելի են մասնավոր ներդրողների կարճաժամկետ ակնկալիքների հետ՝ առանց ֆոնդային շուկաների անկայունությանը ենթարկվելու»:

Նախագահ Էմանուել Մակրոնի կառավարությունը, որին արդեն պատկանում է EDF-ի 84 տոկոսը, նույնպես հույս ունի նվազեցնել խմբի ֆինանսական ծախսերը ամբողջական ազգայնացման միջոցով:

EDF-ը շտապում է ձմեռվան պատրաստել իր ատոմային էլեկտրակայանների պարկը այն բանից հետո, երբ ստիպված է եղել փակել իր ռեակտորների կեսից ավելին՝ կոռոզիայի հետ կապված խնդիրների եւ անվտանգության ստուգումների պատճառով:

Խումբը, որն ունի ավելի քան 40 միլիարդ եվրո պարտք, նույնպես գտնվում է նոր ռեակտորի կառուցման հավակնոտ ծրագրի կենտրոնում, որը կպահանջի մոտ 50 միլիարդ եվրոյի ներդրում:

Goldman Sachs-ը եւ Societe Generale-ը կառավարությանը տեղեկացրել են առաջարկի մասին, որը նախատեսվում է գործարկել 20 առեւտրային օր՝ գործարկումից հետո:

Գործարքի փակումը նախատեսվում է դեկտեմբերի 8-ին, ընդ որում կառավարությանը պետք է հասնել միայն 90 տոկոս սեփականության շեմին՝ ներկայիս 84 տոկոսից, որպեսզի հնարավորություն լինի EDF-ը հանել Փարիզի շուկայից: