Անկարան Երեւանից ակնկալում է համապատասխան արձագանք Բաքվի «խաղաղության նախաձեռնություններին»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, որը այցով ժամանել է Ադրբեջան, փոխանցում է Anadolu-ն։

Նրա խոսքով, Հայաստանի հետ Թուրքիայի երկխոսության զարգացումը «հնարավոր է միայն Ադրբեջանում մեր եղբայրների շահերը հաշվի առնելով»։ Նա նշել է, որ «Թուրքիայի եւ Ադրբեջանի միասնությունն օրինակ է ողջ աշխարհի համար»։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, այցի ընթացքում Աքարին ուղեկցում են Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Յաշար Գյուլերը, ցամաքային զորքերի հրամանատար գեներալ Մուսա Ավսեւերը, ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Էրկումենտ Թաթլիօղլուն, ռազմաօդային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Աթիլլա Գյուլանը եւ այլ բարձրաստիճան սպաներ։