ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հավանության վարկանիշն այս շաբաթ ընկել է եւ մոտեցել ամենացածր մակարդակին նրա նախագահության օրոք, մինչդեռ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին մնացել է ընդամենը հինգ շաբաթ։ Այս մասին են վկայում Reuters-ի պատվերով Ipsos գործակալության կողմից կատարված սոցիոլոգիական հետազոտության արդյունքները։

Ըստ նոր հարցման արդյունքների՝ ամերիկացիների 40 տոկոսը հավանություն է տալիս Բայդենի աշխատանքին՝ մեկ շաբաթ առաջ գրանցված 41 տոկոսի համեմատ։

Նախագահի նվազող ժողովրդականությունը, որը մայիսին եւ հունիսին 36 տոկոսի էր հասել, նպաստել է ակնկալիքների առաջացմանն առ այն, որ միջանկյալ ընտրություններից հետո Դեմոկրատական ​​կուսակցությունը կկորցնի վերահսկողությունը Ներկայացուցիչների պալատի եւ գուցե Սենատի նկատմամբ, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Բայդենն իր պաշտոնավարումը սկսել էր 2021-ի հունվարին՝ COVID-19 համավարակի գագաթնակետին։ Նրա նախագահությունը խաթարվեց համաշխարհային առողջապահական ճգնաժամով եւ տնտեսական խնդիրներով, այդ թվում՝ աճող գնաճով:

Reuters/Ipsos-ի հարցմանը մասնակցել է 1003 ամերիկացի, այդ թվում՝ 448 դեմոկրատ եւ 383 հանրապետական: Սխալի սահմանը չորս տոկոսային կետ է: