Թբիլիսիում զայրացած են Ալեքսանդր Լուկաշենկոյի, որին Արեւմուտքը Բելառուսի լեգիտիմ ընտրված նախագահ չի ճանաչում, օկուպացված Աբխազիա կատարած այցի առիթով։ Ի նշան բողոքի՝ Վրաստանի ԱԳՆ է կանչվել Վրաստանում Բելառուսի դեսպան Անատոլի Լիսը։

«Բելառուսական կողմին կոչ ենք անում հարգել ինքնիշխան պետության տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում եւ չկատարել գործողություններ, որոնք հակասում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին»,- ասված է Վրաստանի ԱԳՆ-ի հայտարարությունում։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, իր հերթին, դատապարտել է Լուկաշենկոյի այցը՝ Թվիթերում գրելով. «Սա Վրաստանի օկուպացված տարածքների մասին օրենքի, մեր երկկողմ հարաբերությունների եւ միջազգային իրավունքի սկզբունքների անթույլատերի խախտում է»։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նույնպես վճռականորեն դատապարտել է Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ օկուպացված Աբխազիա կատարած այցը եւ նրա հանդիպումները ռուսական օկուպանտ վարչակարգի հետ։

«Այս քայլը խախտում է Վրաստանի օկուպացված տարածքների մասին օրենքը, հակասում ինչպես միջազգային իրավունքին, այնպես էլ մեր երկրների միջեւ երկկողմ հարաբերություններին»,- գրել է Իրակլի Ղարիբաշվիլին Թվիթերում։