Տպարանները Ռուսաստանում բախվում են սարքավորումների անբավարարության խնդրին պատժամիջոցների եւ այն պատճառով, որ Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի եւ Ճապոնիայի արտադրողները հրաժարվում են սարքավորումներ եւ պահեստամասեր մատակարարել, գրել է «Ведомости»-ն։

Ինչպես պարբերականին ասել են տպարանների ղեկավարները, ռուսական տպագրատների տեխնիկայի մոտ 90 տոկոսն արտադրված է «ոչ բարեկամ» երկրներում, ինչի պատճառով արտադրությունը դադարեցնելու սպառնալիք է առաջանում։ Նշվել է, որ ԵՄ-ի որոշ ընկերություններ խզել են պայմանագրերը ռուսաստանցիների հետ սեփական նախաձեռնությամբ, մի մասը՝ պատժամիջոցների հինգերորդ փաթեթի ընդունումից հետո, որը ներառում էր Ռուսաստան ֆլեկսոգրաֆիայի, օֆսեթ, խոր եւ բարձր տպագրական եւ կազմարարական մեքենաների ներմուծման արգելքը։ Բացի այդ, պատժամիջոցները վերաբերում էին նաեւ օգտագործված սարքավորումների մատակարարումներին։

Պարբերականը նշել է, որ տպագրական սարքավորումների «զուգահեռ ներմուծումը» կարող է դժվարանալ, քանի որ յուրաքանչյուր տպագրական մեքենա սերիական համար ունի եւ դրանց շատ բաղադրամասեր յուրատեսակ են։ Արտադրողն այդ համարով կարող է պարզել, թե ինչ մաս է նախատեսված Ռուսաստանում հաճախորդի համար եւ արգելի մատակարարումը։ Ինչ վերաբերում է Հնդկաստանից եւ Չինաստանից եկող սարքավորումներին, ապա դրանք հետ են մնում տեխնոլոգիաների տեսակետից։ Բացի դրանից, այդ երկրներում արտադրում են ոչ բոլոր տեսակի տպագրական մեքենաներ։

Հետագայում տպագրական սարքավորումների ներմուծումից կախվածությունը կարող է հանգեցնել տպագրական հզորությունների անբավարարության՝ ընդհուպ մինչեւ պատվերների չեղարկումը Ռուսաստանում եւ դրանց տեղափոխումը Չինաստան, Հնդկաստան, Իրան։ Սա, իր հերթին, կհանգեցնի 20 տոկոսով գրքերի թանկացման։