ՆԱՏՕ-ի դաշինքն այժմ իրականում պայքարում է Ռուսաստանի դեմ, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Այսօր Ռուսաստանը, ազատելով Ուկրաինայի ժողովրդին նեոնացիզմից, պայքարում է ոչ միայն ազգայնական կազմավորումների եւ Ուկրաինայի զինված ուժերի դեմ. մեր դեմ փաստացի պայքարում է ՆԱՏՕ-ի բլոկը, որի անդամները Կիեւի ռեժիմին ծանր սպառազինություն, զինամթերք, հետախուզություն են տրամադրում, ապահովում են ռազմական մասնագետների վերապատրաստումը»,- ասել է Պատրուշեւը։

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի անդամները մասնակցում են ռազմական գործողությունների պլանավորմանը, շանտաժի են ենթարկում զանգվածային ոչնչացման զենքի կիրառմամբ։

«Եվ դրանք դատարկ խոսքեր չեն։ Միացյալ Նահանգները եւ նրա դաշնակիցները վաղուց են սկսել իրականացնել կենսաբանական զենք ստեղծելու իրենց պլաններն ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Ռուսաստանի սահմանների մոտ տեղակայված լաբորատորիաներում: Լաբորատորիաների մի մասը, ինչպես արդեն գիտենք, գտնվում էին Ուկրաինայում եւ օգտագործվում էին հատկապես վտանգավոր հարուցիչներ ստեղծելու համար»,- ասել է Պատրուշեւը։

«Ուստի Ուկրաինայի ապաազգայնացման, ապառազմականացման խնդիրների լուծումն անհրաժեշտ պայման է ազատագրված տարածքներում մեր ժողովրդի եւ ժողովրդի անվտանգությանը սպառնացող վտանգների չեզոքացման, ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնության ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պաշտպանության համար»,- ընդգծել է ԱԽ քարտուղարը։