Մեր ներկայությունը սահմանի խնդրահարույց հատվածներում կանխում է էսկալացիան։ Մեր խաղաղապահները, մեր սահմանապահները կապի մեջ են երկու կողմերի հետ։ Սա կանխում է էսկալացիան։ Այս մասին հոկտեմբերի 5-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Նրա խոսքով՝ իրենք աշխատում են, եւ սա նույնպես կարեւոր գործոն է կայունության պահպանման եւ իրավիճակի հետագա սրումը կանխելու համար։

Նա հիշեցրեց, որ քաղաքական երկխոսությունը մշտապես շարունակվում է ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ ֆորմատով։ «Ամենաբարձր մակարդակով սերտ շփում կա։ Արվածի մեծ մասը հայտնի է։ Գործում են եռակողմ պայմանավորվածությունների վրա հիմնված հայտնի մեխանիզմները, որոնք ձեռք են բերվել 2020-2021 թվականներին։ Մենք կարեւորում ենք այս ձեւաչափերը եւ մեծ նշանակություն ենք տալիս դրանց՝ չնայած խնդիրներին ու մարտահրավերներին»,-ընդգծեց Կոպիրկինը։

Դեսպանի խոսքով՝ սա քայլերի եւ միջոցառումների մի ամբողջ շարք է, որոնք ուղղված են անհրաժեշտ պայմանավորվածությունների ձեռքբերմանը։