Ռազմական գործողությունների պատճառով միջուկային անվտանգությունը չի կարող սպառնալիքի տակ հայտնվել։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ԵՊՀ-ում լրագրողների հետ զրույցում նշել է Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին՝ անդրադառնալով Մեծամորի ԱԷԿ-ի մասին ադրբեջանցիների հնչեցրած սպառնալիքների վերաբերյալ հարցին։

Գրոսին նշել է, որ նախկինում նման հայտարարություններ լսել է, և դրանք անթույլատրելի են. «Ինչպես ԱԷՄԳ-ը, այնպես էլ անձամբ ես հայտարարել ենք, ընդ որում ՝ շատ ակտիվ, որ միջուկային անվտանգությունը չպետք է սպառնալիքի տակ հայտնվի հակամարտության պատճառով։ Հուսով եմ, որ դա երբեք տեղի չի ունենա։ Ես հստակ հայտարարել եմ, որ դա անթույլատրելի է»,–ասել է նա։

Հիշեցնենք, որ դեռևս 2020թ.հուլիսին Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը Մեծամորի ԱԷԿ-ի հրթիռակոծման սպառնալիքներ էր հնչեցրել։

Նշենք, որ աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին դասախոսությամբ հանդես է եկել ԵՊՀ ուսանողների համար։