Հայաստան կատարած այցի ժամանակ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին լրագրողների հետ հոկտեմբերի 5-ի հանդիպմանն ասել է Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Դեսպանի տեղեկացմամբ՝ Զասը զեկուցել է այն կետերի մասին, որոնք ՀԱՊԿ-ի միավորված շտաբի քարտուղարությունը մտադիր է ձեւակերպել անդամ պետությունների ղեկավարների քննարկման համար։ «Ես կարծում եմ, որ խոսքը կոնկրետ քայլերի մասին է, որոնք պետք է գործնականում ցույց տան տարածաշրջանում կազմակերպության ներկայությունն ու դերը»,- ավելացրել է Կոպիրկինը։

Նշենք, որ ՀԱՊԿ-ի պասիվ արձագանքը Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական ագրեսիային առաջ է բերել ինչպես Հայաստանի իշխանությունների, այնպես էլ հասարակության անվստահությունը կազմակերպության հանդեպ, հնչում են անմիջական պարտավորությունների չկատարման մասին հայտարարություններ։