Մասնակի մոբիլիզացիայի մասին հայտարարությունից գրեթե երկու շաբաթ անց Ռուսաստանից մոտ 700 հազար մարդ է հեռացել, որոնցից 200 հազարը գնացել է Ղազախստան, հայտնում է Forbes-ը։ Թե մեկնածներից քանիսն են զբոսաշրջիկներ եւ պատրաստվում են արդյո՞ք վերադառնալ, հայտնի չէ, գրում է Forbes-ը։

Մոբիլիզացիայի մեկնարկից ի վեր Ռուսաստանը գրեթե 1 միլիոն մարդ է լքել, Forbes-ին հայտնել է Կրեմլի գնահատականներին ծանոթ աղբյուրը։ Նախագահի աշխատակազմի մեկ այլ զրուցակից պարզաբանել է, որ խոսքը 600.000-700.000 ռուսների մասին է։ Ընդ որում, նշվել է, որ այս պահին հնարավոր չէ հաշվարկել, թե քանի մարդ է երկրից մեկնել զբոսաշրջության նպատակով, ընդգծում է նա։

Մինչ այժմ մամուլում երկիրը լքածների թվի վերաբերյալ տարբեր գնահատականներ են եղել, որոնք հնչեցրել են տարբեր ընդունող երկրներ։ Այդպես, հոկտեմբերի 4-ին Ղազախստանի ՆԳՆ ղեկավար Մարատ Ախմետժանովը հայտնել էր, որ սեպտեմբերի 21-ից ի վեր երկիր է մուտք գործել 200.000 ՌԴ քաղաքացի, իսկ այդ ընթացքում երկիրը 147.000 ռուսաստանցի է լքել, ասել է ՆԳՆ ղեկավար Մարատ Ախմետժանովը։

Ավելի վաղ տարբեր ԶԼՄ-ներ հայտնել էին 194.000 ռուսաստանցու մասին, որոնք մոբիլիզացիայի հայտարարումից հետո մեկ շաբաթվա ընթացքում մեկնել են Վրաստան, Ղազախստան եւ Ֆինլանդիա։ Նրանցից 98 հազարը մեկնել է Ղազախստան։ Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ մեկ շաբաթում երկիր է ժամանել 53 հազար ռուս, իսկ սահմանն ամեն օր հատում է 10 հազար մարդ, ինչը 40-45 տոկոսով ավել է սեպտեմբերի 21-ից առաջ։ Նույն շաբաթվա ընթացքում 66.000 ռուսաստանցի մուտք է գործել ԵՄ, ինչը 30 տոկոսով ավել է նախորդ շաբաթվա համեմատ, հայտնել է ԵՄ սահմանային գործակալությունը՝ Frontex-ը:

Գործակալությունը հայտնել է, որ մեծամասնությունը մուտք է գործել ֆիննական եւ էստոնական անցակետերով, ընդ որում, մոբիլիզացիայի հայտարարումից հետո Ֆինլանդիա մուտք գործողների թիվը զգալիորեն աճել է։

Սեպտեմբերի 30-ին Հելսինկիում Ռուսաստանի դեսպան Պավել Կուզնեցովը հայտնել է, որ սեպտեմբերի 21-ից մոտ 60 հազար ռուս է մուտք գործել Ֆինլանդիա, որոնց 80 տոկոսը տարանցիկ ճանապարհով մեկնում է եվրոպական այլ երկրներ։ Կուզնեցովն ընդգծել է, որ հստակ հայտնի չէ, թե քանի մարդ է մեկնում՝ որպես պատճառ նշելով մասնակի մոբիլիզացիան, սակայն, միգրացիոն ծառայության տվյալներով, ապաստան է խնդրել մոտ 100 մարդ։