Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, որը գտնվում է բանտարկության մեջ, հրաժարվում է դեղերից եւ ուտելիքից եւ սպասում է ամերիկյան մասնագետների գալուն Թբիլիսիի «Վիվամեդ» կլինիկայի հիվանդասենյակում։ Նրան այստեղ են բերել ինքնազգացողությունը վատանալուց հետո։ Սաակաշվիլուն մտադիր են այցելել ամերիկացի իրավաբանը, վրացի բժիշկները, ինչպես նաեւ ամերիկացի նյարդաբան, բժիշկ Լահանը, նոբելյան մրցանակակիր, բժիշկ Ջեյմս Քոբը։ Փաստաբանների տվյալներով՝ նրանք առողջապահության նախարարությանը դիմել են արտասահմանցի եւս մեկ մասնագետի՝ գաստրոէնտերոլոգի արտոնագրման համար, տեղեկացրել է «Новости-Грузия»-ն։

Փաստաբանները նշել են, որ չնայած երեկվա համեմատ Սաակաշվիլու վիճակը փոքր-ինչ լավացել է, այն մնում է բարդ։ Նախօրեին վատ ինքնազգացողության պատճառով հետաձգվել էր դատավարությունը, որը պետք է անցկացվեր նախկին նախագահի հիվանդասենյակում, որտեղ խցիկ է տեղադրվել։

Փաստաբան Շալվա Խաչապուրիձեն տեղեկացրել է, որ Սաակաշվիլին հրաժարվել է դեղերից այնքան ժամանակ, մինչեւ որ իրեն չզննեն մասնագետները։ Նա նաեւ սնունդ չի ընդունում, քանի որ դա նրան ցավ է պատճառում։

Այժմ Սաակաշվիլին 86 կիլոգրամ քաշ ունի։ «Վիվամեդ» ընդունվելու պահից 20 կիլոգրամ նիհարել է, տեղեկացրել է փաստաբանը։

«Փաստ է, որ նրա առողջությունը վատանում է։ Նրա հիվանդասենյակում չի հաջողվել դատական նիստ անցկացնել։ Դատավորը դադարեցրել է դատավարությունը՝ նրան հարցաքննելու անհնարինության պատճառով, ինչն արձանագրվել է որոշման մեջ։ Այդպիսի իրավաբանական փաստաթուղթ առաջին անգամ է հայտնվել»,- նշել է Խաչապուրիձեն։

Ամերիկացի փաստաբան Մասիմո Դ’Անջելոն, որը պաշտպանում է Սաակաշվիլու շահերը, հայտարարել է, որ եթե նա նորից հացադուլ սկսի, ապա կարող է մահանալ։

«Մենք տեղեկություն ունենք, որ նախագահ Սաակաշվիլին սնունդ չի ընդունում։ Նրան ուտելիք են բերել, բայց նա հրաժարվել է դրանից։ Բժշկական խմբերը եւ բժիշկները խորապես անհանգստացած են, որ նախագահ Սաակաշվիլին կարող է նորից հացադուլ սկսել։ Բժիշկները ցանկանում են այցելել նրան, որովհետեւ, եթե նա չուտի եւ հացադուլ սկսի, կմահանա»,- ասել է փաստաբանը լրագրողների հետ զրույցում։

Դ’Անջելոն տեղեկացրել է, որ ինքը եւ բժիշկները դեռեւս «Վիվամեդ» կլինիկայի մոտ են, որտեղ բուժում է ստանում Սաակաշվիլին։ Նրանք սպասում են իշխանությունների թույլտվությանը, որ Սաակաշվիլուն այցելի ԱՄՆ-ից եկած բժիշկ Քոբը. «Մենք համբերատար սպասում ենք եւ հույս ունենք, որ շուտով կստանանք այդ թույլտվությունը»։