Եթե խոսենք ընդհանուր թվերի մասին, ապա ընդհանուր առևտրաշրջանառությունը սեպտեմբերին նույնիսկ ավելի է աճել, քան նախորդ ամիսներին  էր աճել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Մեր ենթադրություն այնպիսին է, որ մեծ հավանականությամբ սեպտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի անկում չենք ունենա, այսինքն կլինի մոտ 19-20 տոկոսի մակարդակում»,-ասաց Քերոբյանը՝ հավելելով, որ հստակ ցուցանիշները կհրապարակվեն միայն  հոկտեմբերի 25-ին:

Սակայն, նախարարն ընդգծեց՝ դա չի նշանակում, թե խնդիրներ չկան. «Թե Գեղարքունիքի, թե Սյունիքի, և թե Վայոց ձորի մարզերում որոշակի հատվածներ մոտ են պարալիզացված լինելուն: Ես այցելել եմ թե Վարդենիս, Սոթք, թե Ջերմուկ և այլ վայրեր, որպեսզի հասկանանք, թե ինչ ծրագրեր պետք է ներդնենք հիմա, որ կարողանանք վերաակտիվացնել տնտեսական կյանքը: Հիմա ուսումնասիրություններն ընթանում են: Այնուամենայնիվ, մեզ համար ակնհայտ է, որ, եթե ադրբեջանցիները ելման դիրքեր չվերադառնան, ապա խնդիրը բավական բարդանում է»,-ասաց Քերոբյանը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով տնտեսական վնասին, նախարարն ասաց, որ դեռեւս չեն հաշվարկել վնասը. «Իհարկե, մի քանի հազար հեկտար հողատարածք չի մշակվի, Ջերմուկում զբոսաշրջային կյանքը կանգնել է: Բայց ոչ մի բնակավայր չենք կորցրել, և, կարելի է ասել, որ լուրջ մեծ, զգալի աշխատող բիզնես չի կորել: Նույնիսկ Սոթքի հանքավայրը, որը գտնվում է այդ տարածքում, աշխատում է»:

Անդրադառնալով հստակեցնող հարցին՝ այսպիսով ադրբեջանական ագրեսիայի արդյունքում խնդիրներ են առաջացել զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլորտներո՞ւմ, նա դրական պատասխան տվեց՝ հավելելով, որ դրանց չափն ընդհանուրի մեջ չնչին է: