Իսպանիայի իշխանությունները Մար Մենոր աղի ծովալճակին, որն ամենամեծն է Եվրոպայում, տվել են մարդու իրավունքներ։ Այժմ այն խնամակալ եւ  գոյության, իր էկոհամակարգի առողջության պահպանման, զարգացման եւ վերականգնման օրինական իրավունքներ ունի։ Այս կերպ հույս ունեն լճակը փրկել աղտոտվածությունից, գրել է Science-ը։

Մար Մենորի մակերեսը 135 քառակուսի կիլոմետր է։ Այստեղ ապրում են ոստրեներ, ծովախեցգետիններ, օձաձկներ եւ ծովաձիեր։ Վերջին տարիներին ծոցը լրջորեն տուժել է պարարտանյութերի մնացորդներ պարունակող գյուղատնտեսական աղբաջրերից. կենդանիներն սկսել էին մահանալ։ Մար Մենորի ափին իսպանացիները միլիոնավոր սատկած ձկներ էին գտնում։

Գիտնականները տագնապ են հնչեցրել եւ խնդրագիր կազմել՝ արմատական պահանջներով՝ ծովալճակին տալ մարդու իրավունքներ։ Նման գործելակերպ կա բնիկ ժողովուրդների համայնքներում, օրինակ՝ Կանադայում կամ Նոր Զելանդիայում։

Խնդրագիրը պաշտպանել են մոտ 640 հազար իսպանացիներ, այնուհետեւ առաջարկին հավանություն է տվել սենատը։ Հիմա ծովալճակն ունի օրինական խնամակալ՝ գիտական խորհուրդը։ Այն կկարողանա դատի տալ նրանց, ովքեր կսպառնան նրա բարեկեցությանը։

Սպասվում է, որ նոր կարգավիճակը թույլ կտա վերականգնել եւ պահպանել Մար Մենորն իր բոլոր բնակիչներով։