Լիբանանցի պատգամավոր Սինթիա Զարազիրը դադարեցրել է բողոքի ակցիան բանկում իր սառեցված խնայողություններից վիրահատության համար գումար ստանալուց հետո, փոխանցում է Reuters-ը:

Չորեքշաբթի առավոտյան Զարազիրը երկու փաստաբանների հետ մտել է Բիբլոս Բանկի Անթիլիասի մասնաճյուղ եւ չորսժամյա նստացույց է կազմակերպել՝ որպես «վերջին միջոց»՝ իր գումարը ստանալու համար:

Փաստաբաններից Ֆուադ Դեբսը Reuters-ին հաստատել է, որ Զարազիրին կարողացել է ստանալ իրեն անհրաժեշտ 8500 դոլարը:

Վերջերս Լիբանանում բանկերի կողոպուտի եւ բողոքի ցույցերի դեպքերը հաճախակիացել են, քանի որ վարկառուները վրդովված են կապիտալի ոչ պաշտոնական վերահսկողությունից, որը բանկերը սահմանել են 2019-ի տնտեսական անկման սկզբից ի վեր:

Ավանդատուները կարող են կանխիկացնել միայն ԱՄՆ դոլարով կամ լիբանանյան ֆունտով սահմանափակ գումարներ, որոնք ճգնաժամի սկսվելուց հետո կորցրել են արժեքի ավելի քան 95 տոկոսը:

Արտարժույթի դուրսբերումների մեծ մասն իրականացվում է ավանդատուների համար անբարենպաստ փոխարժեքով, որը կազմում է դրանց արժեքից դիսկոնտի մոտ 80 տոկոսը:

«Մի քանի օր գնացել ենք բանկ եւ բժշկական եզրակացություններ ենք տարել, բայց մեզ չեն պատասխանում։ Այլեւս չեմ կարող հետաձգել: Եկել եմ գումարս վերցնելու,- ասել է Զարազիրը։- Ես եկել եմ որպես հասարակ քաղաքացի, ոչ թե որպես պատգամավոր»,- հավելել է նա։

Զարազիրի նստացույցը համընկել է մեկ այլ կողոպուտի հետ Բեյրութի արվարձաններից մեկում, որտեղ Հուսեյն Շուքր անունով անձը 48000 դոլար էր պահանջել իր սեփական հաշվից:

«Ավանդատուների վրդովմունք» կազմակերպությունը նաեւ բողոքի ցույց էր կազմակերպել Լիբանանի Կենտրոնական բանկի մոտ, որտեղ տասնյակ ցուցարարներ անվադողեր են հրկիզել եւ շշեր են նետել շենքի մետաղական բարիկադների վրայով:

Ջբեյլ քաղաքում աղբյուրն անվտանգության ծառայությունում հայտնել է, որ չորեքշաբթի անհայտ անձը կրակ է բացել Բեյրութում բանկի մասնաճյուղի վրա, ապա փախուստի է դիմել։

Չորեքշաբթի լարվածությունը ծագել է նախորդ օրը երկրում չորս կողոպուտից հետո, որոնցից երկուսում ներգրավված էին զինված անձինք, ովքեր հետ էին պահանջում իրենց ավանդները: Մեկ այլ դեպք էր տեղի ունեցել երկուշաբթի։ Չորեքշաբթի Ավանդատուների բողոքի ասոցիացիան սպառնացել էը նոր կողոպուտներով: