Սան Ֆրանցիսկոյի բյուրոյի ՀԴԲ նախկին գործակալը մեղավոր է ճանաչվել հայկական մաֆիայի հետ կապեր ունեցող փաստաբանից «գաղտնի տեղեկատվության» դիմաց կաշառք ստանալու համար, գրում է San Francisco Standard-ը։

Բաբակ Բրումանդը, որը 1999-2018 թվականներին եղել է ՀԴԲ-ի գործակալ, մոտ 150 000 դոլար կանխիկ գումար, մասնավոր ինքնաթիռով թռիչքներ, հյուրանոցային կացարաններ, մարմնավաճառներ եւ նույնիսկ Ducati մոտոցիկլետ է ստացել՝ որպես կաշառք՝ 2015-2018 թվականներին մաֆիոզ փաստաբանի հաճախորդներին օգնելու համար:

Փաստաթղթերի համաձայն՝ Բրումանդը թաքցրել է իր հարաբերություններն անանուն փաստաբանի հետ՝ ձեւանալով որպես գաղտնի աղբյուր։ Նա կեղծ հաշվետվություններ է գրել, որպեսզի փաստաբանի եւ հաճախորդների անունից տվյալների բազայում իր անօրինական որոնումները օրինական ներկայացնի:

2015-ին փաստաբանը խնդրել է Բրումանդին մուտք գործել Լեւ Ասլան Դերմեն անունով հայտնի Լեւոն Թերմենջյանի մասին ՀԴԲ-ի ֆայլ: ԱՄՆ դատախազությունը Թերմենջյանին նկարագրել է որպես հայկական մաֆիայի անդամ, որը 2020 թվականին Յուտայի դաշնային դատարանում դատապարտվել է 1 միլիարդ դոլար արժողությամբ կենսադիզելային վառելիքի հարկի վարկավորման խարդախության ծրագրին մասնակցելու համար:

Նույն փաստաբանի անունից Բրումանդը վարել է նաեւ մի շարք այլ գործեր։

Մի դեպքում, գործակալը դիտել է ՀԴԲ-ում Սեմ Սարգսի գործը, որը հետաքննության մեջ էր Կալիֆոռնիա նահանգից 250 միլիոն դոլար հափշտակելու համար: Բրումանդը փաստաբանին զգուշացրել է հեռու մնալ Սարգսից, քանի որ նրա նկատմամբ հետաքննություն է սկսվել։

Ըստ ԱՄՆ դատախազության՝ 56-ամյա Բրումանդը մեղավոր է ճանաչվել մեկ դավադրության, երկու կաշառակերության եւ մեկ անօրինական գործողություններից ստացված գույքի առքուվաճառքի համար:

Բրումանդը, որը թոշակի է անցել 2019 թվականին, պետք է դատապարտվի 2023 թվականի հունվարի 30-ին, եւ նրան սպառնում է մինչեւ 40 տարվա դաշնային բանտարկություն: Նա մնում է կալանքի տակ։