Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ երկխոսության միջազգային մեխանիզմ ձեւավորելու գաղափար կա։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 5-ին, կառավարության ժամին հայտաարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Նախարարը, մասնավորապես, հիշեցրեց դեռ այս տարվա մարտին Երեւանին փոխանցված Բաքվի հինգ հայտնի սկզբունքները Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։ 

«Հայաստանի ժողովուրդը եւ միջազգային հանրությունը ծանոթ են դրանց։ Մենք հայտարարել ենք, որ այս սկզբունքներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա։ Իհարկե, կան պահեր, որոնք մենք հիմա վերլուծում ենք, եւ անպայման կարձագանքենք»,-ասաց Միրզոյանը։

«Կլինեն կետեր, որոնք Երեւանն ինքը կառաջարկի ներառել համաձայնագրում։ Այսինքն՝ բնականոն բանակցային գործընթացը շարունակվելու է»,-պարզաբանեց արտգործնախարարը։

Միաժամանակ Միրզոյանը նշեց, որ հինգ սկզբունքներն ամբողջությամբ չեն արտացոլում օրակարգը։ Այս առումով Երեւանը Բաքվի հետ կիսել է օրակարգի իր տեսլականը, որը վերաբերում է հենց Լեռնային Ղարաբաղին։

«Տվյալ հարցը բանակցությունների մաս է։ Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ երկխոսության միջազգային մեխանիզմ ձեւավորելու գաղափար կա։ Քննարկումներ են ընթանում։ Միանշանակ, մենք ունենք մեր մոտեցումը, Ադրբեջանը՝  իր մոտեցումը։ Երբ գանք փոխադարձ ընդունելի դիրքորոշման, անպայման այդ մասին կտեղեկացնենք»,-վստահեցրեց Միրզոյանը։