Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենն ասել է, որ ԵՀ-ն «սկսել է աշխատանքը» ողջ միությունում գազի գների սահմանափակման «ժամանակավոր» միջոցառման վրա:

«Մենք պատրաստ ենք քննարկել գազի գների սահմանափակումը, որն օգտագործվում է էլեկտրաէներգիա արտադրելու համար»,- Ստրասբուրգում ասել է նա Եվրախորհրդարանի պատգամավորներին: «Բայց մենք պետք է նկատի ունենանք նաեւ գազի գները էլեկտրաէներգիայի շուկայից դուրս»:

ԵՄ առաջնորդներին ուղղված նամակում, որոնք, ինչպես ակնկալվում է, ուրբաթ օրը Պրահայում կայանալիք ոչ պաշտոնական գագաթաժողովում կքննարկեն էներգետիկ խնդիրները, Ֆոն դեր Լյայենն ասել է, որ նախատեսում է էներգակիրների գների հարցը լուծելու «ճանապարհային քարտեզ գծել»:

Հանձնաժողովի ղեկավարի մեկնաբանությունները հնչել են ԵՄ մայրաքաղաքների կողմից աճող ճնշման ֆոնին: Անցյալ շաբաթ 15 երկրներից բաղկացած խումբը նամակով դիմել էր հանձնաժողովին՝ կոչ անելով գազի ներկրման գնային շեմ սահմանել:

Սպասվում է, որ ԵՄ առնվազն չորս երկրների՝ Իտալիայի, Հունաստանի, Բելգիայի եւ Լեհաստանի էներգետիկայի նախարարները կհանդիպեն չորեքշաբթի օրը, որպեսզի մշակեն համատեղ մոտեցում, որը ուրբաթ օրվա հանդիպումից առաջ կներկայացվի հանձնաժողովին, POLITICO-ին հայտնել են երեք դիվանագետներ:

Ֆոն դեր Լյայենը նաեւ ասել է, որ նախատեսում է «ակտիվացնել» երկկողմ բանակցությունները ԵՄ էներգետիկ գործընկերների հետ եւ «ուժեղացնել» էներգիայի գնման համատեղ ջանքերը։