ՕՊԵԿ+-ը Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել է նավթի արդյունահանման ամենամեծ կրճատումներին COVID համավարակի ժամանակներից ի վեր՝ չնայած արդյունահանումը մեծացնելու Միացյալ Նահանգների ճնշմանը, հայտնում է Reuters-ը։

Bloomberg-ը հայտնում է, որ OPEC+-ը համաձայնել է արդյունահանման ընդհանուր սահմանաչափը կրճատել օրական 2 միլիոն բարելով։

Կրճատումը կարող է խթանել նավթի գների վերականգնումը, որը երեք ամիս առաջ 120 դոլարից իջել է մինչեւ մոտ 90 դոլարի՝ համաշխարհային տնտեսական անկման, ԱՄՆ տոկոսադրույքների բարձրացման եւ դոլարի ուժեղացման մտավախությունների պատճառով:

ԱՄՆ-ը պնդել է, որ ՕՊԵԿ-ը չշարունակի կրճատումները՝ պատճառաբանելով, որ հիմնարար գործոնները չեն աջակցում դրանց, ասել է խնդրին ծանոթ աղբյուրը:

ՕՊԵԿ+-ի արդյունահանումն օգոստոսին նվազել է օրական մոտ 3,6 մլն բարելով։

«Նավթի գների աճը, եթե պայմանավորված լինի արդյունահանման զգալի կրճատմամբ, հավանաբար կզայրացնի Բայդենի վարչակազմին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից առաջ»,- նշում են Citi-ի վերլուծաբանները:

JPMorgan-ը նաեւ ասել է, թե ակնկալում է, որ Վաշինգտոնը հակաքայլեր կձեռնարկի՝ ավելի շատ նավթի պաշարներ բաց թողնելով:

Սաուդյան Արաբիան եւ ՕՊԵԿ+-ի մյուս անդամները, որի մեջ մտնում են Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը, եւ այլ արտադրողներ, ներառյալ Ռուսաստանը, հայտարարել են, որ ձգտում են կանխել անկայունությունը, այլ ոչ թե թիրախավորել նավթի կոնկրետ գինը:

Չորեքշաբթի օրը Brent ապրանքանիշի նավթը թանկացել է մինչեւ 93 դոլար մեկ բարելի դիմաց:

Պատճառներից մեկը, թե ինչու է Վաշինգտոնը ցանկանում նավթի գներն իջեցնել, Մոսկվային նավթի վաճառքի եկամուտներից զրկելն է:

«Որոշումը տեխնիկական, ոչ թե քաղաքական բնույթ է կրում»,- հանդիպումից առաջ լրագրողներին ասել է ԱՄԷ էներգետիկայի նախարար Սուհեյլ ալ-Մազրուին: «Մենք չենք օգտագործի ՕՊԵԿ-ը որպես քաղաքական կազմակերպություն»,- ասել է նա՝ հավելելով, որ գլոբալ ռեցեսիայի մտավախությունը կլինի առանցքային թեմաներից մեկը։