Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Սահակյանի, այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ուսումնասիրվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված ելույթը, որն արվել է 2021 թվականի մարտի 1-ին։

Դատարանում հետազոտվեցին գործում առկա ապացույցները, ուսումնասիրվեց նաեւ համացանցում եւ լրատվամիջոցներում տեղ գտած այդ ելույթը եւ դիտարկվեց, թե քանի դիտում է ունեցել այն։

Համացանցում տեղադրված այդ նյութերի անմիջական հետազոտություն իրականացնելիս տեխնիկական խնդիր է առաջացել եւ դատական նիստը հետաձգվել է։

Հիշեցնենք, որ քաղհայցը վերաբերում է նախորդ տարվա մարտի 1-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած արտահայտություններին։ Ապրիլին Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայց է ներկայացրել հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանելու եւ զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջով։