Չորեքշաբթի Մեքսիկայի հարավ-արեւմուտքում գտնվող Գերերո նահանգի Սան Միգել Տոտոլապան գյուղում անհայտ հանցագործները սպանել են 18 մարդու։ Այս մասին հայտնել է La Jornada թերթը՝ վկայակոչելով տարածաշրջանի աղբյուրները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Զինված քաղաքացիական անձինք գնդակահարել են քաղաքապետ Կոնրադո Մենդոսային եւ նրա հորը՝ Խուան Մենդոսային, ինչից հետո հարձակվել են վարչակազմի շենքի վրա։ Այդ հարձակման ժամանակ զոհվել է 16 մարդ, եւս երկուսը ծանր վիրավորվել են։

Մարզի իշխանությունները հաստատել են գյուղում տեղի ունեցած «զինված ագրեսիայի» մասին տեղեկությունը, սակայն զոհերի ու վիրավորների թվի մասին տեղեկություն չեն հաղորդել։ Դեպքի վայր է ժամանել նահանգի ոստիկանության ավելի քան 100 աշխատակից, ասվում է  հանրային անվտանգության վարչության տարածած հաղորդագրության մեջ: Հանցագործների որոնման օպերացիային գործարկվել են ցամաքային զորքերի եւ ծովային հետեւակի զինծառայողներ, ինչպես նաեւ առնվազն երկու ուղղաթիռ։