Թուրքիայի եւ Շվեդիայի արդարադատության նախարարությունների ներկայացուցիչները չորեքշաբթի Անկարայում բանակցություններ են վարել այն անձանց արտահանձնման վերաբերյալ, որոնց թուրքական կողմը համարում ահաբեկչական գործունեությանը հանցակից։ Այս մասին հինգշաբթի տեղեկացրել է ТRТ հեռուստաալիքը՝ նշելով, որ խորհրդակցությունները շարունակվել են յոթ ժամ։

Մասնավորապես, ինչպես նշել է հեռուստաընկերությունը, Թուրքիայի արդարադատության նախարարությունը նորից պահանջել է արտահանձնել արգելված Քրդական աշխատավորական կուսակցության անդամներին, որոնց ցուցակն ավելի վաղ ուղարկել էր Շվեդիա։ Գերատեսչությունը պահանջել է նաեւ հանձնել ՖԵՏՕ կազմակերպության (որը գլխավորում է ԱՄՆ-ում ապրող իսլամական քարոզիչ Ֆեթուլա Գյուլը, որին Անկարան մեղադրում է 2016թ. հուլիսին պետական հեղաշրջման կազմակերպման մեջ) յոթ ներկայացուցիչներին։

Թուրքիայի համար ահաբեկչական գործունեությանը հանցակից անձանց հանձնումը Շվեդիայի կողմից այն պայմաններից մեկն է, որի կատարման դեպքում Թուրքիան հավանություն կտա Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ Ստոկհոլմը խոստացել է Անկարային հանձնել ավելի քան 70 անձանց, որոնք կապված են ահաբեկչական կազմակերպությունների հետ։