Իսրայելի գլխավոր ընդդիմադիր կուսակցության՝ «Լիքուդի» ղեկավար, Իսրայելի նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուն, որը նախորդ երեկոյան հիվանդանոցում էր հայտնվել, դուրս է գրվել, տեղեկացրել է նրա մամուլի ծառայությունը։

«Նախկին վարչապետ Նեթանյահուն մի քանի րոպե առաջ դուրս է գրվել «Շաարեյ Ցեդեկ» բուժկենտրոնից՝ այն բանից հետո, երբ բոլոր զննումները ցույց են տվել, որ նա նորմալ վիճակում է։ Նեթանյահուն վերադարձել է լիակատար ակտիվ վիճակի»,- նշվել է հաղորդագրությունում։

Անցած երեկո տեղեկացվել էր, որ Նեթանյահուն տարվել է Երուսաղեմի հիվանդանոց։ Երուսաղեմի հիվանդանոցում նախկին վարչապետը բուժզննում է անցել այն բանից հետո, երբ իրեն վատ է զգացել Յոմ Կիպուրից (պաս) դուրս գալու աղոթքի ժամանակ։ Տեղի ԶԼՄ-ները նշել են, որ Նեթանյահուն մեկ օրվա «ցամաք» պաս էր պահել։

Նեթանյահուն Իսրայելի կառավարությունը գլխավորել է մինչեւ 2021թ., եւ նորից, համաձայն սոցիոլոգիական հարցումների, համարվում է վարչապետի գլխավոր հավակնորդներից մեկն արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, որոնք տեղի կունենան նոյեմբերի 1-ին։