Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 6-ի նիստում որոշեց սուբենցիոն ծրագրերի համար հատկացնել 508 մլն դրամ:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ այդ գումարը տրամադրվելու է 20 բնակավայրերի 21 ծրագրերի համար. «Դա վերաբերում է 7 մարզերի: Արագածոտնում երեք ծրագիր է՝ 28 մլն դրամ, Աչաչատի մարզում 2 ծրագիր է՝ 91 մլն դրամ, Արմավիրի մարզում 1 ծրագիր է՝ 6 մլն դրամ, Գեղարքունիքի մարզում 7 ծրագիր է՝ 168 մլն դրամ, Լոռու մարզում 5 ծրագիր է՝ 107 մլն դրամԿոտայքի մարզում 2 ծրագիր է՝ 74 մլն դրամ եւ Շիրակի մարզում 1 ծրագիր է՝ 32 մլն դրամ»,-ասաց նա:

Սանոսյանը նշեց, որ այս փաթեթում կան ծրագրեր, որոնք 2022 թվականին էին հաստատել և աշխատանքներն ավարտվել են ու ֆինանսավորման կարիք կա. «Ընթացիկ տարվա համար սուբվենցիոն ծրագրերի համար նախատեսված է 18 մլրդ դրամ: Դրանից արդեն 324 ծրագրի համար կառավարությունը իր մասնաբաժինը ֆինանսավորել է, որ կազմում է 9 մլրդ դրամ»,-ասաց նախարարը:

Նա հայտնեց, որ դժվար է կանխատեսել, թե ծրագրերի ո՞ր տոկոսը կիսատ կմնա շինարարների մեղքով. «Որովհետև շատ դեպքերում շինարարական ընկերություններն իրենց պարտավորությունները չեն կատարում, որը նախարարությունը կամ համայնքը չեն կարողանում կանխատեսել, բայց հաշվի առնելով, որ գնալով ծրագրերի ծավալը մեծանում է, և սուբվենցիայի համար գումարի ծավալն ավելացրել ենք՝ 2023 թվականի համար արդեն 22 մլրդ դրամ է հատկացվել»,-ասաց նախարարը: