Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների ստացած օպերատիվ տեղեկությունը բնակարանային գողության մասին էր: Համայնքային ոստիկանները հոկտեմբերի 1-ին ստուգեցին տեղեկությունն ու պարզեցին, որ Գյումրի քաղաքի բնակիչ, նախկինում դատապարտված մի տղամարդ ամիսներ առաջ Վանաձորի Չուխաջյան փողոցի 16 շենքի մի բնակարանից գողացել էր ջեռուցման կաթսա:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվեց նաև, որ տունն ի պահ էր հանձնված Վանաձորի մեկ այլ բնակչի, այլ կերպ ասած` տանը մարդ չէր ապրում: Հենց դա էր պատճառը, որ գողության վերաբերյալ ոստիկանությունում ահազանգ չէր եղել:

Հոկտեմբերի 1-ին 33-ամյա գյումրեցին հրավիրվեց ոստիկանության Բազումի բաժին և խոստովանեց արարքը: Պարզվեց, որ նա միջնորդի միջոցով գազի կաթսան վաճառել էր մեկ այլ վանաձորցու` դրա դիմաց ստանալով 300 դոլարին համարժեք դրամ:

Հաջողվեց հայտնաբերել նաև գնորդին: Բաժին հրավիրված գնորդն էլ հայտնեց, որ թեև կաթսան տեղափոխել է իր տուն, սակայն չի օգտագործել և պատրաստ է այն ներկայացնել իրավապահներին:

Բնակարանային գողության վերաբերյալ ընդունվել է հաղորդում, նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: