Զոհված զինծառայողների մարմինները նույնականացնելու համար արտասահմանյան հետազոտական կենտրոններ դիմելու կարիք չկա։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ այս բոլոր ուսումնասիրությունները, որոնք ընթացքի մեջ են, հնարավոր է իրականացնել Հայաստանում։ Նա պարզաբանեց, որ պատասխանները կլինեն մոտ ապագայում։ «Ամբողջական պատկեր ստանալու համար ԴՆԹ անալիզներ են կատարվում, տվյալներն արխիվացվում են»,-ասաց նախարարը։

Նա հիշեցրեց, որ ադրբեջանական գերությունից ազատված յոթ զինծառայողներ ստացիոնար բուժում են ստանում։   

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադեւոսյանը NEWS.am-ին տված հարցազրույցում ասել է, որ հոկտեմբերի 4-ին ադրբեջանական գերությունից ազատված 17 զինծառայողներից 10-ը հարցաքննվում են որպես վկա, մյուսները ստացիոնար բուժում են ստանում։