Կասպյան տարածաշրջանի երկրներն աշխատելու են բարդ՝ գլոբալ տնտեսության տուրբուլենտության եւ աշխարհառազմավարական լարվածության պայմաններում, հավաքական Արեւմուտքն աճող ճնշում է գործադրում երկրների վրա, որոնք պաշտպանում են իրենց շահերը, ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Մոսկվայում ընթացող Կասպյան տնտեսական համաժողովի լիագումար նիստում, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք ստիպված ենք աշխատել բարդ՝ գլոբալ տնտեսության տուրբուլենտության եւ աշխարհառազմավարական լարվածության պայմաններում։ Հավաքական Արեւմուտքը, փորձելով պահպանել իրեն հարմար առկա աշխարհակարգը, աճող ճնշում է գործադրում այլ երկրների վրա։ Առաջին հերթին՝ նրանց վրա, որոնք պաշտպանում են իրենց ազգային շահերը եւ պատրաստ չեն խաղալ արեւմտյան կանոններով։ Դա այդ թվում նաեւ Ռուսաստանն է»,- ասել է Միշուստինը։

Կասպյան տնտեսական համաժողովը տեղի է ունենում Մոսկվայում հոկտեմբերի 5-6-ին։ Միշուստինի հետ միասին գագաթաժողովին մասնակցում են Ադրբեջանի վարչապետ Ալի Հիդայաթ օղլու Ասադովը, Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմայիլովը, Իրանի առաջին փոխվաչապետ Մոհամադ Մոհբերը եւ Թուրքմենստանի փոխվարչապետ Խոջամիրաթ Գելդիմուրադովը։