Բոլոր նման դեպքերն անհապաղ պահանջում են մանրակրկիտ եւ համակողմանի վերլուծություն։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ադրբեջանցիների կողմից հայ զինվորականների գնդակահարության տեսանյութը։

«Ցավոք, նման ինֆորմացիա հայտնվում է մշտապես, այն հնչեցնում են երկու կողմերը։ Մենք, այդ թվում, հնարավորություն ունենք ծանոթանալ այդ նյութերին ոչ միայն ԶԼՄ-ներում, այլեւ կողմերն են տվյալներ փոխանցում։ Բոլոր նման դեպքերն անհապաղ պահանջում են մանրակրկիտ եւ համակողմանի վերլուծություն, այդ թվում ռազմական հանցագործությունների նշանների մասով»,- ասել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչն ասել է, որ կողմերը պետք է հավատարիմ մնան եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթներին, այդ թվում՝ մնացած հարցերի լուծման մասով. «Դա վերաբերում է թե՛ ռազմագերիների փոխանակմանը, թե՛ անհայտ կորածների ճակատագիրը պարզելուն, թե՛ տարածաշրջանում մշակութային-հումանիտար ժառանգության պաշտպանությանը»։