Պայքարն այսօր ոչ թե իշխանության, այլ պետության համար է, քանի որ առանց վերջինիս իշխանություն չի լինի, իսկ դա պահանջում է համայն հայության համախմբումն ու ջանքերը։ Այս մասին հոկտեմբերի 6-ին քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը։

Նրա խոսքով՝ այսօր կոնսոլիդացիա կարող են ապահովել նախկինում քաղաքական դիսկուրսի կապ չունեցող շրջանակները, քանի որ հասարակության մեջ քաղաքական համակարգի նկատմամբ վստահությունը զրոյական է։

«Կոնսոլիդացնող տարրեր կարող են դառնալ ակադեմիական, փորձագիտական, տեխնոկրատական ​​շրջանակները, որոնք պետք է հասկանան կատարվածի պատճառները, դադարեցնեն գործընթացը եւ զբաղվեն վերականգնմամբ։

Քաղաքական համակարգը գտնվում է «նախկինների» եւ «ներկաների» դիսկուրսի մեջ եի ապագայի մասին գաղափարներ չի գեներացնում»,- նշեց Ղազինյանը։

Նրա խոսքով՝ հարցն այն է՝ արդյո՞ք Հայաստանը կկարողանա՞ պետության նոր հիմքեր ձեւավորել։

«Այդ հիմքերը պետք է օրգանապես փոխկապակցված լինեն եւ հիմնված լինեն հայկական շահի վրա։ Հայաստանում համապատասխան ռազմավարական փաստաթուղթ չկա, եւ մենք այսօր քննարկում ենք միայն այն, թե ինչ շահեր են հետապնդում այլ երկրներ։ Մենք ռազմավարական նպատակները կորցրեցինք Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո, նոր գաղափարներ չառաջարկեցինք եւ չհամախմբվեցինք այդ նպատակին հասնելու շուրջ։ Այդ դեպքում մենք կարող էինք Ալիեւին ստիպել մտածել ոչ թե Արցախի, այլ Նախիջեւանը չկորցնելու մասին։ Այսօր Ալիեւն ամեն ինչ անում է, որպեսզի մենք մոռանանք Արցախի մասին»,- հավելեց նա։